Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երեւանի քաղաքապետին կից Երեւանի քաղաքային համայնքային զարգացման քառամյա ծրագրի եւ տարեկան բյուջեի կառավարման խորհրդի առաջին նիստը, որին, օրենքով սահմանված կարգով համայնքի բնակչության մասնակցությունն ապահովելու նպատակով, մասնակցել են Երեւանի ավագանու անդամներ, փորձագետներ, քաղաքապետարանի աշխատակազմի մասնագետներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Երեւանի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագրի նախագծի վերաբերյալ օրակարգի առաջին հարցը ներկայացրել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը:

«Առաջարկված նախագծում ներկայացված են ինչպես նախորդ 4 տարիներին իրականացված ծրագրերի ամփոփ տվյալները, այնպես էլ ծրագրեր, որոնք առաջիկա 4 տարիների մեր գործունեության ուղենիշը պետք է լինեն»,- անդրադառնալով ներկայացված նախագծին՝ նշել է խորհրդի նախագահի տեղակալ, Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Խորհուրդը որոշել է տասնօրյա ժամկետ սահմանել նախագիծն առավել ամբողջական դարձնելու նպատակով առաջարկություններ ներկայացնելու համար, որից հետո, մինչեւ Երեւանի ավագանու հաստատմանը ներկայացնելը, ծրագիրը նաեւ հանրային քննարկման կներկայացվի:

Ներկայացնելով օրակարգի երկրորդ՝ Երեւան քաղաքի բյուջեի կազմման գործընթացի վերաբերյալ հարցը, Վահե Նիկոյանը խորհրդի անդամներին առաջարկել է ակտիվորեն ներգրավվել նաեւ բյուջեի ձեւավորման գործընթացում եւ այս հարցի վերաբերյալ նույնպես առաջարկություններ ներկայացնել: