Սիրիայում ամենաթեժ կետը շարունակում է մնալ Հալեպը, որտեղ ապրում է երկրի ամենախոշոր հայ համայնքը. քաղաքը շրջափակման մեջ է, երբեմն հաջողվում է այնտեղ մթերք եւ վառելիք հասցնել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ի մամուլի ասուլիսում հայտարարել է  Բեյրութի «Ազդակ» հայկական թերթի  գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: 

Ըստ նրա՝ Դամասկոսի կենտրոնական մասում իրավիճակը խաղաղ է, մարտերը հիմնականում մայրաքաղաքի ծայրամասերում են ընթանում: Սիրիայի ափամերձ շրջաններում իրադրությունը նույնպես կայուն է, քանի որ այնտեղ հիմնականում ալավիներ են ապրում, որոնք հավատարիմ եմ մնացել նախագահին, եւ գրոհայիններն այստեղ շանսեր չունեն: «Սիրիայի հյուսիսում, որտեղ նույնպես հայեր են ապրում, քրդերը փորձում են ինքնիշխանություն պահպանել», - հավելել է Քանդահարյանը:

Նա ընդգծել է, որ բացի ռազմական գործողություններից, Սիրիայում եւ դրա շուրջ տեղեկատվական պատերազմ է ընթանում, որին ակտիվ մասնակցում է Թուրքիան: