Մերձավոր Արեւելքը խորը ճգնաժամի մեջ է, ընդ որում, տարածաշրջանի երկրներում կան լավ կազմակերպված հայկական համայնքներ: Այդ առումով Լիբանանը Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների ազդեցության տակ է: Այս մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բեյրութի հայկական «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:

«Լիբանանում հաճախ են միջհամայնքային բախումներ տեղի ունենում, սակայն դրանք ամբողջ երկրում չեն տարածվում: Միջադեպերը հիմնականում տեղի ե ունենում սահմանամերձ շրջաններում: Լիբանանը քաղաքացիական պատերազմի մեջ չի ներքաշվի, քանի որ ներկայումս ուշադրության կենտրոնում է Սիրիան».-ընդգծել է նա:

Նրա խոսքով՝ Լիբանանում թուրքական ազդեցության գործոնը փոխվել. «Անկարան, զգալով, որ իր շահերին վտանգ է սպառնում, որոշում է կայացրել դուրս բերել իր զորքերը Լիբանանից: Բացի այդ, Թուրքիան փակում է Լիբանանում իր մշակութային կենտրոնները»:

Քանդահարյանը նաեւ ընդգծել է, որ Լիբանանը միակ արաբական երկիրն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիայի համար շատ բարդ է այնտեղ հակահայկական քաղաքականությունը պահպանել: