Մաշտոցի պուրակից սկսվող «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության ամենօրյա բողոքի ակցիաների երթուղիներից ոչ մեկը նախորդին չի կրկնում։

Հոկտեմբերի 11-ին նրանք սովորականից արագ հասան «Փակ շուկա», ինչը հանկարծակիի բերեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի պաշտպաններին, որոնք խուճապահար սկսեցին բաժանել պաստառները, վուվուզելաները, սուլիչներն ու տեղադրել բարձրախոսները։ Ալեքսանյանի մարդիկ դեռ չէին հասցրել ուշքի գալ, երբ ակտիվիստները հեռացան։

Նախապես հայտարարված երթուղին կրկին փոխվեց. Տիգրան Մեծի փողոցում գտնվող «Երեւան սիթի» գնալու փոխարեն նրանք Հանրապետության փողոցից ձախ թեքվեցին եւ շարժվեցին դեպի Մշակույթի նախարարություն։

Այստեղ ակտիվիստները բարձրախոսով պահանջեցին, որ «մշակույթի նախարարության պաշտոնը զբաղեցնող մարդը» իջնի ու պատասխանի իրենց հարցերին, կամ ընդունի իրենց պատվիրակությանը։

Ակտիվիստների պահանջներն այդպես էլ անարձագանք մնացին։ Ժամը 17։00-ի մոտ երթն ավարտվեց։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am