2014-ին Երեւանի քաղաքապետարանը մտադիր է ձեռք բերել 10 տրոլեյբուս: Այս մասին NEWS.am-ին հաղորդել է լավատեղյակ աղբյուրը: Նրա խոսքով՝ քաղաքապետարանը դիտարկում է անհրաժեշտ գումարը 2014թ պետբյուջեում ներառելու հնարավորությունը: «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն, որը ղեկավարում է Երեւանի տրոլեյբուսային պարկը, անհասանելի է՝ մեկնաբանություններ անելու:
Առայժմ հայտնի չէ, թե քաղաքապետարանը ինչ մակնիշ կընտրի եւ որքան դրանք կարժենան: Վերջին անգամ քաղաքապետարանը տրոլեյբուսներ է ձեռք բերել 2007-ին՝ յուրաքանչյուրը 90 հազար դոլարով: Այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանը հայտարարել էր, որ նախատեսվում է տարեկան 20 տրոլեյբուս ձեռք բերել՝ դրանց քանակը 150-ի հասցնելու: Սակայն այդ ժամանակվանից տրոլեյբուսի պարկը չի համալրվել:
Հավելենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2012-ին հաստատել է 2013-15 թթ տրանսպորտային սխեման, որը նախատեսում է 10 տրոլեյբուսային երթուղի:





























