Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երեւան 2795» տոնակատարության միջոցառումներին եւ «Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային կոնֆերանսին» մասնակցելու նպատակով Երեւան ժամանած Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավայի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով եւ շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել երկու մայրաքաղաքների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները եւ ընդգծել քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ փոխգործակցությունն ընդլայնելու եւ ամրապնդելու հարցում:
«Մենք կարեւորում ենք Երեւանի եւ Թբիլիսիի միջեւ գործընկերային կապերի զարգացումը, որոնք հիմնված են մեր երկրների եւ ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, ինչի ապացույցը վերջին տարիներին հաճախակի դարձած փոխայցերն են: Համոզված եմ, որ երկկողմ հարաբերությունները հետագայում էլ ավելի կակտիվանան, եւ հնարավորություն կընձեռվի իրականացնելու համատեղ տարբեր ծրագրեր՝ ի բարօրություն մեր մայրաքաղաքների»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը նաեւ հատկանշել է, որ վերջերս Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության Թբիլիսիի օրվա կապակցությամբ Վրաստանի մայրաքաղաք կատարած այցի շրջանակում ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, որոնք կապահովեն համագործակցության տեսանելի արդյունքներ: Տարոն Մարգարյանը, շնորհավորելով գործընկերոջը, ողջունել է Թբիլիսիի քաղաքապետի եւ Սակրեբուլոյի որոշումը Երեւանի հրապարակ հիմնելու վերաբերյալ եւ ցանկություն հայտնել ներկա գտնվելու բացմանը:
Գեորգի Ուգուլավան իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ հրավերի համար, ի դեմս Երեւանի քաղաքապետի, շնորհավորել է բոլոր երեւանցիներին մայրաքաղաքի 2795-ամյակի կապակցությամբ եւ հույս հայտնել, որ առաջիկայում Թբիլիսի-Երեւան համագործակցության արդյունքում կմշակվեն եւ կիրականացվեն քաղաքային տնտեսության կառավարման հետ կապված կոնկրետ ծրագրեր:
«Մեզ համար մեծ պատիվ է Երեւանում գտնվելը եւ քաղաքի օրվա միջոցառումներին մասնակցելը: Գիտեմ, որ քաղաքի կյանքում այն գլխավոր տոնն է, ուստի մեկ անգամ եւս շնորհավորում եմ: Երեւանն օրեցօր զարգանում է, եւ դրանում մեծ է, պարոն քաղաքապետ, Ձեր ներդրումը: Մենք եւս պատրաստ ենք խորացնելու համագործակցությունն ու կիրառելու Երեւանի քաղաքապետարանի կողմից տարբեր ծրագրերի իրականացման լավագույն փորձը»,-նշել է Թբիլիսիի քաղաքապետը:





























