Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ամոքիչ խնամքի համաշխարհային օրն է: 2011 թվականից ի վեր ՀՀ առողջապահության նախարարությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի եւ մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում աշխատանքներ է իրականացնում Հայաստանի առողջապահության համակարգում ամոքիչ (պալիատիվ) խնամքի ներդրման ուղղությամբ: Աշխատանքներին տեխնիկական աջակցություն են ցուցաբերել նաեւ «Բաց Հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության միջազգային փորձագետները: Ծրագրերի շրջանակներում մշակվել են ցավային համախտանիշի բուժման նպատակով թմրամիջոցների եւ հոգեներգործուն դեղերի նշանակման կլինիկական ուղեցույց եւ ամոքիչ խնամքի ազգային ստանդարտներ, թարգմանվել եւ տեղայնացվել են բժիշկների եւ բուժքույրերի համար նախատեսված ամոքիչ խնամքի կրթական ծրագրերը, որոնց միջոցով վերապատրաստվել է բժշկական եւ բուժքույրական կրթական հաստատությունների 50 դասավանդող: Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են նաեւ մարզային բուժհաստատությունների շուրջ 30 բժիշկ եւ բուժքույրեր` ամոքիչ խնամքի եւ ցավամոքման հմտությունների վերաբերյալ:

2012 թվականից սկսած հանրապետության չորս բժշկական հաստատություններում` ՀՀ ԱՆ Պրոֆ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում, Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում, Լոռու մարզի Վանաձորի թիվ 1 Լեւոն Արեշյանի անվան հիվանդանոցային համալիրում եւ Արարատի մարզի Արարատի բժշկական կենտրոնում իրականացվում են ամոքիչ խնամքի փորձարարական ծրագրեր` հիվանդների տնային խնամքի, ամբուլատոր սպասարկման, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ հիվանդանոցային ծառայությունների մատուցման համադրումով: Պիլոտային տեղամասերում գործում են ամոքիչ խնամքի մոբիլ թիմեր, որոնց կազմում կան Ռումինիայի «Կազա Սպերանտի» հոսպիս կենտրոնում մասնագիտական վերապատրաստում անցած բժիշկ եւ բուքույր: Մոբիլ թիմերը յուրաքանչյուր ամիս իրականացնում են մոտ 50 այցելություն: Պիլոտային տեղամասերում ընգրկված հիվանդներին ցավազրկման նպատակով տրամադրվում է անհրաժեշտ քանակի մեթադոզ թմրադեղ: Մինչեւ այժմ Հայաստանում գրանցված էր միայն ներարկման մորֆին։ Ելնելով միջազգային փորձագետների կողմից կատարված առաջարկներից, ՀՀ առողջապահության նախարարությունը սկսել է նաեւ հաբերով մորֆինի գրանցման գործընթացը որպես ցավազրկող կիրառելու նպատակով:

Մինչեւ այժմ պիլոտային ծրագրերում ընդգրկվել է շուրջ 172 հիվանդ: Ծրագրի արդյունքների նախնական գնահատումը ցույց է տվել հիվանդների կյանքի որակի բարելավում` ցավի, դեպրեսիայի եւ անհանգստության, ինչպես նաեւ շարժունակության ցուցիչներով: Նվազել են հոսպիտալացման դեպքերը:

Առաջիկայում նախատեսվում է շարունակել ամոքիչ խնամքի ծառայությունների ընդլյանմանն ուղղված աշխատանքները, վերանայել օրենսդրական դաշտը` բժշկական նպատակներով թմրամիջոցների եւ հոգեմետ դեղերի օգտագործման կարգի եւ պայմանների բարելավմամբ, մշակել ֆինանսավորման մեխանիզմներ, ինչպես նաեւ իրականացնել փորձարարական ծրագրերի արդյունքների համապարփակ գնահատում` առողջապահական համակարգի այլ հաստատություններում ամոքիչ բուժօգնության ներդրման նպատակով: