Երեւանի Էրեբունի վարչական շրջանի եւ մի քանի մարզերի՝ Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի, դատախազներին աշխատանքից ազատելու հրաման չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը:

Ինչ վերաբերում է նրանց՝ աշխատանքից ազատվելու դիմումներ գրելուն, ապա Շահեն Տոնոյանն ասաց, որ պաշտոնյաները դիմում գրելով չեն ազատվում աշխատանքից, դիմումները պետք է հաստատվեն եւ պետք է համապատասխան հրաման լինի: Նման հրամանների առկայության դեպքում դրանք անպայման կհրապարակվեն:  Իսկ առկա է վերոնշյալ դատախազների կողմից աշխատանքից ազատվելու դիմում, թե ոչ, Շահեն Տոնոյանը տեղյակ չէր:

Նշենք, որ երեկ առավոտից տեղեկություններ դրվեցին շրջանառության մեջ, համաձայն որոնց՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել Երեւանում Էրեբունի համայնքի, ինչպես նաեւ Գեղարքունիքի, Սյունիքի եւ Շիրակի մարզերի դատախազները։ Այս մասին գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը եւ հավելում. «Մինչեւ օրվա վերջ ՀՀ գլխավոր դատախազությունից այդպես էլ ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին տեղեկությունները։ Ավելին, Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանն աշխատանքից ազատվելու դիմումի մասին հարցադրումը թողել էր առանց մեկնաբանության՝ հորդորելով դիմել ՀՀ գլխավոր դատախազության լրատվության բաժնին։ Գլխավոր դատախազությունը երեկ ողջ օրվա ընթացքում այդպես էլ ոչ մի ձայն չհանեց։Նկատենք, որ չի բացառվում Կոստանյանի հրամանով սույն պաշտոնյաներն ուղղակի փոխեն իրենց աշխատանքի տեղերը՝ մնալով նույն համակարգում»,- գրել է «Չորրորդ իշխանությունը»: