«Արի Տուն» ծրագիրը սփյուռքահայության նոր սերունդների շրջանում բացառիկ դեր ունի: Այս մասին, Մոսկվայում«Արի տուն» ծրագրի 2013թ. մասնակից մոսկվայաբնակ հայ երիտասրադների հետ հանդիպման ժամանակ նշել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը:

Հանդիպման ընթացքում դեսպան Եսայանն ընդգծել է, որ «Արի Տուն» ծրագիրը կարեւոր է սփյուռքահայության նոր սերունդների շրջանում հայապահպանության, ազգային ինքնության զարգացման, Հայրենիք-Սփյուռք շփումների առավել ակտիվացման, մայրենի լեզվի, հայոց պատմության, ազգային ավանդույթների իմացության խորացման եւ հայաստանյան արդի մշակութային, հասարակական կյանքին առավել լավ ծանոթանալու գործում: Դեսպան Եսայանը վստահեցրել է, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հետագայում եւս պատրաստ է աջակցել ռուսաստանաբնակ հայ երիտասարդներին` Մայր Հայաստանի հետ կապի առավել ամրապնդմանն ուղղված ջանքերում:

Դեսպանը երիտասրադներին ներկայացրել է նաեւ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության առանցքային ուղղությունները, խոսեց երկկողմ հարաբերությունների զարգացման ներկայիս փուլի մասին, ինչպես նաեւ անդրադարձավ ընդգրկուն փոխգործակցության օրինակներին հումանիտար բնագավառում:

Երիտասարդները դեսպան Եսայանին ներկայացրել են Հայաստան այցելությունից ստացած իրենց վառ տպավորությունները, ոգեւորությամբ խոսել կազմակերպված ճամբարի մասին, ներկայացրել առաջարկներ` ծրագրի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելություն կազմակերպելու վերաբերյալ: