Մանեժնայա հրապարակի 2010թ. խռովություններից հետո Մոսկվայի հարավում նախօրեին տեղի են ունեցել ազգայնականների ամենազանգվածային անկարգությունները:
Պատճառը տեղի բնակիչ Եգոր Շչերբակովի սպանությունն է:
Ըստ տարածված վարկածի` Եգորին դանակահարել է նրա ընկերուհուն սիրահետող առեւտրականը: Նույն տվյալներով` մարդասպանը կարող էր լինել ադրբեջանցի շաուրմա վաճառողը, հայտնում է «Սերեբրյաննի դոժդ» ռադիոն:
Բանջարեղենի մեծածախ վաճառակետը համարվում է Եվրոպայում ամենախոշորներից մեկը, դրա տարածքը մեծ է նախկին Չերքիզյան շուկայից: Եգոր Շչերբակովին սպանողին գտնելը Մոսկվայի բնակիչների նախնական պահանջն էր, շաբաթ օրը մի քանի տասնյակ մոսկվացիներ հավաքվել էին ոստիկանության բաժանմունքի մոտ:
Կիրակի համացանցով «ժողովրդական հանդիպում» էր կազմակերպվել, որն էլ վերաճել էր խռովության: Ամբոխը ներխուժել էր բանջարեղենի վաճառակետի տարածք, ավերածություններ գործել այնտեղ եւ «Բիրյուզա» առեւտրի կենտրոնում: Ոստիկանությունը փակել էր մի քանի փողոց, ՕՄՕՆ-ը փորձել էր ցրել բողոքավորներին, ոստիկանների վրա նետել էին աղբարկղեր եւ գարեջրի շշեր:


































