Արցախի պաշտպանության բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով եւս մեկ զինծառայող է տեղափոխվել Երեւանի զինվորական հոսպիտալ։ Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Փաստորեն Երեւանի զինվորական  հոսպիտալում այս պահին գտնվում է վթարից տուժած երեք զինծառայող։ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ երեքի վիճակն էլ նորմալ է։

Վթարի հետեւանքով տուժած մյուս զինծառայողները գտնվում են ԼՂՀ-ում՝ զինվորական հոսպիտալում։ ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նրանց վիճակը լավ է, ապաքինվում են։

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հոկտեմբերի 11-ին ժամը 9.30-ի սահմանում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Կան տուժածներ: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Վթարի հետեւանքով զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, 20-ամյա Ժակ Գեւորգի Գալստյանը: Մեր տեղեկություններով՝ 21-22 զինծառայողները վթարի են ենթարկվել «Սադկո» մակնիշի մեքենայով: