Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն, թեեւ,  այցելել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին, սակայն նրանք Հակոբից նամակ չեն փոխանցել հարազատներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի ղեկավար` Հայկ Հովհաննիսյանը:

«Հանդիպել են ու վերջ, ոչ մի նորություն չեն ասել, ոչ էլ նամակ են փոխանցել: 3-րդ երկիր տեղափոխելու մասին եւս ոչ մի խոսք: Անկեղծ ասած, հարազատները շատ հիասթափված են ու չգիտեն ինչ անել»,- նշեց գյուղապետը: Հայկ Հովհաննիսյանը նաեւ ավելացրեց, որ հարազատներին փոխանցել են, թե նորության դեպքում կապ կհաստատեն նրանց հետ:  Հիշեցնենք, որ Հակոբի հարազատները դեռ օգոստոսին նրան նամակ էին փոխանցել, որի պատասխանը մինչեւ այսօր չեն ստացել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Նրա խոսքով, այցը կայացել է հոկտեմբերի 14-ին: Այցի ընթացքում կայացել է ընտանեկան բնույթի տեղեկատվության փոխանակում: Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Մեկ օր անց նրան Բաքու են տարել: Միայն 12 օր անց Կարմիր Խաչին հաջողվել էր առաջին անգամ հանդիպել հայ ռազմագերուն: