Վաղարշյան 18 հասցեում փորման աշխատանքներ կատարելիս հոսանքահարված հայր եւ որդի 55-ամյա Ջիվան Ավետիսյանն եւ 28-ամյա Նորայր Ավետիսյանը Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղից են եւ ամեն օր գալիս էին քաղաքում աշխատելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չքնաղ գյուղի գյուղապետ Վանյա Դավթյանը:
Նրա խոսքով, հայր եւ որդի այդ օրը նոր շենքի հիմքը փորելիս են հոսանքահարվել: «Սեփական մեքենայով գնում-գալիս են: Ջիվանը 4 երեխա ունի, բայց մյուսները ամուսնացել, առանձնացել են եւ Նորայրի հետ է ապրում»: Գյուղապետը նաեւ նշեց, որ Նորայրն էլ 4 տարի առաջ է ամուսնացել եւ դեռ երեխաներ չունի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Վաղարշյան 18 հասցեում փորման աշխատանքներ կատարելիս հոկտեմբերի 14-ին գետնի տակով անցնող էլեկտրալարը հոսանքահարել է հայր եւ որդի 55-ամյա Ջիվան Ավետիսյանին եւ 28-ամյա Նորայր Ավետիսյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել էր ոստիկանությունից: Փաստի առթիվ ոստիկանությունում հետաքննություն է սկսվել: Տուժածներին տեղափոխել են այրվածքաբանության կենտրոն: Այրվածքաբանության կենտրոնից էլ NEWS.am-ին փոխանցել էին, որ որդու կյանքին վտանգ չի սպառնում, իսկ 55-ամյա Ջիվան Ավետիսյանը իրենց մոտ է տեղափոխվել այրվածքային շոկային վիճակում եւ վիճակը ծանր կայուն է:





























