Զորի Բալայանը չի ցանկանում մեկնաբանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված իր նամակի արձագանքները: Նամակը մեծ քննարկումների եւ քննադատությունների առիթ է եղել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Զորի Բալայանն ասաց, որ «ինքն անպայման ելույթ կունենա՝ ինչ է տեղի ունեցել, ոնց է եղել, ուր է հասել, առայժմ ոչ մի հարցի չի ցանկանում պատասխանել»։
Հարցին, թե շատ են քննադատել, մասնավորապես նշում են, որ Բալայանն այդ նամակով ոտնահարում է ՀՀ Սահմանադրության հոդվածը ինքնիշխան երկրի մասին, արհամարհում է Արցախի համար կռված անձանց, Բալայանն ասաց. «Դուք չեք կարդացել, դրա համար այդպես եք ասում: Եթե կարդացած լինեիք, կիմանայիք այդպիսի բաներ չկան այնտեղ: Կարդացեք հոդվածը եւ տեսեք այդ բաները կա, թե ոչ, նամակի մեջ ամեն ինչ կա, դուք պետք է պատասխանեք քննադատողներին, որ հոդվածում այդպիսի բան չկա։ Ես չեմ ուզում նրանց լսել, որովհետեւ նրանք էլ չեն կարդացել, իմ հոդվածի մեջ այդպիսի բան չկա: Եթե դուք կարդաք այնտեղ այդպիսի բան, որ այնտեղ գրված է Ղարաբաղը Ռուսատանի կազմում լինի, չգիտեմ ինչ ասեմ, բայց նամակում չկա այդ բանը: Քննադատությունը չեմ ընդունում, որովհետեւ նրանք էլ չեն հավանաբար կարդացել այն»։
Ինչ վերաբերում է նամակի հասցեատիրոջից՝ Պուտինից որեւէ պատասխան ստանալուն, Զորի Բալայանն ասաց, որ կարող է արդեն արձագանք կա, բայց ինքը տեղյակ չէ։
Հիշեցնենք, որ Զորի Բալայանը բաց նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ, ըստ էության, մի շարք փաստարկներ է բերել, ըստ որոնց` Ղարաբաղը պատկանում է Ռուսաստանին՝ Գյուլիստանի պայմանագրով: Զորի Բալայանը Պուտինին, ըստ էության, կոչ է անում այցելել Ղարաբաղ եւ վերջապես այն ճանաչել որպես Ռուսաստանի մաս: «Բոլորս պետք է վերադառնանք այն միակ ճանապարհին, որն իր սկիզբն էր առել Ղարաբաղյան Գյուլիստանից: Պայմանագիրը, կրկնում եմ, ստորագրվել է հավերժական ժամանակների համար»,- նշել է նա իր նամակում։





























