Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանավոր 34-ամյա Ալեն Մանուկյանը, «Օդնոկլասնիկի» ինտերնետային կայքով ներկայանալով որպես ամերիկահայ, անծանոթուհուց 894 հազար ՀՀ դրամ գումար է հափշտակել: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
34-ամյա Ալեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի տակ գտնվելու ընթացքում «Օդնոկլասնիկի» ինտերնետային կայքով, ներկայանալով որպես Արմեն Գրիգորյան անվամբ ամերիկահայ, ծանոթացել է Ա.Ն.-ի հետ, ապա խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու միջոցով վերջինից տարբեր փուլերով միասնական դիտավորությամբ հափշտակել է ընդհանուր 894 հազար ՀՀ դրամ գումար:
Քրեական գործ է հարուցվել 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 21-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























