Ստեփանավանում 43-ամյա տղամարդու սպանության համար ձերբակալված երիտասարդին դատարանը կալանավորեց երկու ամսով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության Լոռիի մարզային վարչությունից:
24-ամյա Արեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի104 հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով: Հատկանշական է, որ երիտասարդը մինչ օրս ցուցմունք չի տվել եւ այդպես էլ չի բացահայտում, թե ինչ հարաբերություն կամ հակամարտություն են ունեցել մահացողի հետ: Նա նույնիսկ դատարանում՝ դատավորի, հարցին ի պատասխան, հայտնել է, թե ինքն է սպանել, բայց պատճառ չկա, չեն ճանաչել իրար:
Ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները նաեւ հայտնեցին, որ կալանավորվածի ընտանիքը մտավախություն է հայտնել, որ սպանվածի հարազառները հաշվեհարդար կտեսնեն իրենց հետ, մասնավորապես՝ իբր ասել են, թե կբռնաբարեն Արենի քրոջը: Այժմ ոստիկանները հսկողություն են իրականացնում Արեն Հարությունյանի շենքում, ապահովում են նրա ընտանիքի անդամների անվտանգությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոռիի մարզի Ստեփանավան քաղաքում հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության Լոռիի մարզային վարչությունից հայտնել էին, որ ժամը 02.20-ին ահազանգ է ստացվել Ստեփանավանի Թելմանի փողոցի 48-րդ տան բնակիչ, 43-ամյա Արա Ռոմեի Հախվերդյանի սպանության մասին: Այնուհետեւ լուսադեմին՝ ժամը 07.05-ի սահմաններում. բերման է ենթարկվել 24-ամյա Արեն Հրանտի Հարությունյանը:
Պարզվել է, որ հոկտեմբերի 16-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Ստեփանավանի Արեւելյան 6 շենքի 12 բնակարանում Արեն Հարությունյանը դանակով հարվածել եւ ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է Ա Հախվերդյանին:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի104 հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով: 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է:





























