Վրացական հեռուստատեսությունը չի քննադատել Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանի գործունեությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ հանրապետական պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
«Ռեպորտաժը պատրաստվել է ներդրումների վերաբերյալ, որոնք արել էր ինձ շատ մոտ անձը: Երբ ձկնորսությունը կարելի է որսագողություն համարել, երբ ոչ: Այդ մասին է խոսվել»,- ասել է Այվազյանը:
Նշենք, որ օրերս վրացական ալիքներից մեկը ռեպորտաժ էր պատրաստել Սամցխե-Ջավախքում ներդրումների վերաբերյալ, որոնք կապում են Վարդան Այվազյանի հետ: Մասնավորապես, նշվել է, որ ներդրողին օգնել են սեփականաշնորհել լճին հարակից արգելոցային գոտին: Դրանից հետո հարակից գյուղերի բնակիչները զրկվել են լճին մոտենալու եւ ձկնորսություն անելու հնարավորությունից:
«Կարող եմ ասել, որ հողերի ապօրինի զավթման մասին խոսք լինել չի կարող»,- ասել է Այվազյանը:





























