Հայաստանի կառավարությունն ունի մտավախություններ՝ կապված 2014թ բյուջեի կատարաողականության հնարավորության հետ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է տնտեսագետ, Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ Աշոտ Եղիազարյանը, ընդգծելով, որ դա կապված է Մաքսյին միությանն անդամակցելու որոշման հետ: Նա նաեւ չի բացառել Հայաստանի արտաքին-քաղաքական կուրսի կրկնակի փոփոխություն՝ դեպի ԵՄ հետ ասոցացում, ինչպես նաեւ կառավարությունում կադրային փոփոխություններ:
Նա նշել է, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ 2014թ բյուջեում չի նախատեսվում փոփոխել ՀՆԱ-ի եւ հարկերի հարաբերակցության ցուցանիշը, չի ներկայացվել հարկային բարեփոխումների փաթեթ: Այս զգուշավորությունը վկայում է մտավախությունների մասին՝ կապված հաջորդ տարի բյուջեի կատարաողականության հնարավորության հետ: Իսկ կառավարության մտավախությունները փորձագետը կապում է երկրի արտաքին-քաղաքական կուրսի փոփոխության հետ:
Նա ընդգծել է, որ մինչ այդ հայտարարությունները Հայաստանում դիտվում էր «ստատիկ զարգացում»՝ ՀՆԱ-ի որոշակի աճ:
Մաքսային միությանն անդամակցելու որոշման պատճառով երկիրը հայտնվել է անորոշության վիճակում: Հայաստանի շուրջ վակուում է առաջացել, որը հայտնի չէ, թե ինչ հետեւանքներով կավարտվի: Այդ որոշման մասին հայտարարվելուց հետո, կառավարությունը կորցերել է ինքնուրույն գործելու կարողությունը:
Փորձագետը գտնում է, որ Հայաստանը նոր կառավարության կարիք կզգա, որը վստահություն կվայելի թե երկրի ներսում, թե միջազգային հարթակում:




























