Ռուսաստանի Պետդումայում հոկտեմբերի 23-ին Դաշնային միգրացիոն ծառայության պետի եւ ներքին գործերի նախարարի հետ «Կառավարական ժամի» շրջանակներում ելույթ ունենալով՝ Վլադիմիր Ժիրինովսկին հայտնել է, որ Մոսկվայի Բիրյուլեւո շրջանի խռովությունները շահադիտական եւ պատվիրված են եղել՝ ունեցվածքի  վերաբաշխման նպատակով: 

ՌԼԴԿ-ի առաջնորդը մեղադրել է եւ էթնիկ հանցախմբերին, եւ «ռուս հանցագործներին»:

«Ամենաեկամտաբերը բազաներն ու շուկաներն են: Պետք էր վերաբաշխում կատարել: Պետք էր հրահրել ինչ-որ բան: Ժողովրդական հանդիպում, զայրույթ՝ ամեն ինչ օրինական է»,– պնդել է նա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ժիրինովսկին նաեւ հայտնել է, որ իրեն հայտնի է Բիրյուլեւոյի խռովությունների պատվիրատուի անունը: Սակայն այն հրապարակավ չի հայտարարել: «Իսկ ով է վճարել, ձեր երեքին կասեմ (ներկա գտնվող ԴՄԾ-ի պետ Կոնստանտին Ռոմոդանովսկուն եւ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւին, ինչպես նաեւ Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Ալեքսանդր Գորբենկոյին), միայն թե ոչ ոքի չասեք: Որպեսզի դուք իմանաք՝ ով է վճարել, ով է պատվիրատուն այստեղի բոլոր հեղափոխությունների, այդ թվում՝ Բիրյուլեւոյի», - եզրափակել է նա: