Անօրինական աշխատող ունեցող ձեռնարկատերերի 40 տոկոսը Մոսկվային են բաժին ընկնում, ընդհանուր առմամբ նրանց քանակը հազարների է հասնում:
«Տարեսկզբից ԴՄԾ-ի աշխատակիցներն արդեն տուգանել են 5,6 հազար այդպիսի գործատուի, ընդ որում՝ 40 տոկոսը Մոսկվայում», - հայտնել է Ռուսաստանի ԴՄԾ-ի պետ Կոնստանտին Ռոմոդանովսկին՝ ելույթ ունենալով Պետդումայում: Յուրաքանչյուր տուգանք կազմել է 200 հազարից մինչեւ միլիոն ռուբլի:
Միաժամանակ նա խոստովանել է, որ անօրինական աշխատողներին ներգրավելը այնքան ձեռնտու է, որ ձեռնարկատերերը չեն վախենում նույնիսկ տուգանքներից, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Նա նաեւ հայտնել է, որ Ռուսաստան եկած արտասահմանցի միգրանտների 40%-ը երիտասարդներ են, որոնք պատրաստված չեն երկրում մնալու եւ աշխատելու համար:
«Արդյունքում ԱՊՀ երկրներում տնտեսական զարգացման տարբերությունը վերջին չորս տարիների ընթացքում աճել է 37%-ով», - հայտնել է նա:
«Ռոսբալտը» հաղորդում է, որ ըստ Ռոմոդանովսկու՝ եկվորների մեծամասնությունը որեւէ լուրջ մասնագիտություն չունեցող տղամարդիկ են: «Ներկայումս երկրի տարածքում կա 11 միլիոն արտասահմանցի », - հավելել է ԴՄԾ-ի պետը:
Ռոմոդանովսկին նաեւ նշել է, որ ԴՄԾ-ն անցյալ տարի պետբյուջե է վերադարձրել ավելի շատ գումարային միջոցներ, քան տրամադրվել էր իր գործառնության համար, հաղորդում է «gazeta.ru»-ն:
«Անցյալ տարի պետությունը մեզ հատկացրել էր 31 միլիարդ ռուբլի, մենք վերադարձրել ենք 32,5: Այս տարի մեր շահութաբերությունն ավելին կլինի: Մենք ավելի շատ տալիս ենք, քան ստանում », - պարզաբանել է Ռոմոդանովսկին: Այդպես նա պատասխանել է Պետդումայի պատգամավորի մեղադրանքին, թե գերատեսչությունն «ուտում է պետական փողերը»:





























