Ադրբեջանի ԶՈՒ-ն ինտենսիվ կրակ է բացել Հայաստանի Տավուշի մարզի Բերդ-Իջեւան ավտոմայրուղում. սա Ադրբեջանի հերթական ստոր սադրանքն է, որը արժանի պատասխան կստանա:  Այս մասին հոկտեմբերի 23-ին խորհրդարանում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանի հարցին:

«Սա Ադրբեջանի իշխանությունների՝ երկրի քաղաքացիների ուշադրությունը հետընտրական ժամանակահատվածում շեղելու փորձն է, որպեսզի բնակչությունը չկենտրոնանա նախագահական ընտրությունների արդյունքների վրա:  Նման գործողություններն անպատասխան չեն մնա»,- հայտարարել է վարչապետը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը ինտենսիվ կրակ էին բացել Տավուշի մարզի Բերդ-Իջեւան մայրուղու ուղղությամբ: Միջադեպը տեղի էր ունեցել հոկտեմբերի 22-ին՝ Պառավաքարի հատվածում,ժ.  13.00 – 14.00-ին: Կրակոցներից տուժել են քաղաքացիական եւ զինվորական մեքենաներում գտնվող անձինք:  Զոհվել է զինծառայող, շարքային Գարիկ Պողոսյանը (Վանաձորի ռազմական կոմիսարիատ, 1994թ. ծնված, զորակոչվել է 2012թ.):