Հայաստանում գտնվող սիրիահայերի կեսը՝ մոտ 11 հազար մարդ, երիտասարդներ են, որոնցից հազարը ուսանում է դպրոցներում, 350-ը՝ բուհերում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, հայտարարել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի հարցին, թե ինչ է ձեռնարկվում, որպեսզի երիտասարդ սիրիահայերը արմատներ ձգեն հայրենիքում:
Հակոբյանի խոսքով՝ վերջին 1,5 տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը ծրագրեր է իրականացնում սիրիահայերի հետ տարվող աշխատանքների կարգավորման ուղղությամբ: «Արվում է ամեն բան, որպեսզի Հայաստանի եւ սիրիահեյրի միջեւ խնդիրներ չծագեն, կառավարությունը համապատասխան որոշումներ է կայացնում, խորհրդարանն օրենքներ է ընդունում: Ակնհայտ է, որ մեր սիրիացի հայրենակիցները գոհ են կատարված աշխատանքներից: Բացի այդ, Եվրախորհուրդն ու Եվրամիությունը բարձր են գնահատում այդ ուղղությամբ Հայաստանի կատարած աշխատանքը»,-ասել է նա:
Սփյուռքի նախարարը նշել է, որ սիրիահայ ուսանողների թիվը տարեցտարի ավելանում է եւ եթե 2012-ին Հայաստանի 4 առաջատար բուհերում ուսանում էր 256 սիրիահայ, ապա 2013-ին արդեն 350 սիրիահայ: «Նախորդ տարի պետական բյուջեի պահուստային հիմնադրամից սիրիահայերի ուսման համար միջոցներ են տրամադրվել, իսկ այս տարի հայկական բարեգործական կազմակերպությունները կառավարության հետ համատեղ վճարել են 350 սիրիահայերի ուսման վարձը: Չկա ոչ մի սիրիահայ, որը կրթություն չստանա ուսման վարձը չվճարելու պատճառով»:





























