Հայաստանի Ազգային Ժողովի նիստում պատգամավորները շարունակում են «քարկոծել» ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծը: Պատգամավորներից շատերն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, իրենց ելույթներում պահանջում են պատգամավորի աշխատավարձը հավասարեցնել նախարարի աշխատավարձին, ու ընդհանրապես՝ պատգամավորներին վարձատրել շուկայական հիմունքներով:

Այսպես՝ ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտարարեց, որ իշխանական բուրգում պատգամավորը չպետք է ցածր լինի նախարարից: «Պատգամավորի գործակիցը հավասարեցնելով փոխնախարարին ու մարզպետին՝ կառավարությունն իր վերաբերմունքն է արտահայտել Ազգային Ժողովի նկատմամբ»,- ասաց Ս. Մարգարյանը: Բացի այդ, նրա կարծիքով, ԱԺ նախագահն ավելի բարձր դիրք է գրավում, քան վարչապետը, քանի որ ըստ Սահմանադրության՝ հենց ԱԺ նախագահն է փոխարինում երկրի նախագահին, հետեւաբար՝ չպետք է վարչապետի գործակիցը հավասարեցնել ԱԺ նախագահի գործակցին:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանն իր ելույթում նշեց, որ սա քաղաքական փաստաթուղթ է եւ արտացոլում է, թե ով ինչ դերակատարություն պիտի ունենա մեր երկրում։ Դ․Հարությունյանն ընդգծեց, որ այն աշխատավարձը, որը մենք տալիս ենք պետական պաշտոնյաներին, չի համապատասխանում շուկայում առկա աշխատավարձերին:

Նշենք, որ ըստ օրինագծի՝ ՀՀ նախագահի գործակիցը սահմանվել է 20, ՀՀ ԱԺ նախագահինն ու վարչապետինը՝ 18, նախարարներինը՝ 12, պատգամավորներինը՝ 10: Այդ գործակիցները բազմապատկվելու են հատուկ բազային դրույքով, որն ամեն տարի հաստատվելու է բյուջեի հետ համատեղ: 2014 թ. այդ գործակիցն առաջարկվում է սահմանել մոտ 66 հազ. դրամ: