Այս կառավարության օրոք Հայաստանում աղքատությունը 26%-ից հասել է 35%-ի, արտագաղթը՝ աղետալի չափերի: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ տարակուսանք հայտնելով, որ նման պարագայում բարձրացվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց աշխատավարձերը:
Նրա տեղեկացմամբ՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագծով, որը ներկայում քննարկվում է ՀՀ Ազգային Ժողովում, 203 տոկոսով բարձրանալու է Սերժ Սարգսյանի աշխատավարձը՝ դառնալով 1 322 000 դրամ, 218 տոկոսով բարձրանալու են ԱԺ նախագահի ու վարչապետի աշխատավարձերը՝ դառնալով 1 190 000 դրամ: Համեմատություն անցկացնելով հայտնի ֆիլմի հերոս Շուրայի հետ՝ Ն. Փաշինյանը հայտարարեց. «Պարզվում է՝ պատգամավորին երջանիկ լինելու համար չի բավարարում 329 805 դրամ»։
Ն. Փաշինյանը նաեւ ասաց, որ չի ցանկանում իր աշխատավարձի բարձրացում:




























