Հայերը պետք է կապ հաստատեն Թուրքիայում ապրող թուրքերի եւ քրդերի հետ եւ տեղեկացնեն նրանց, թե իրականում ովքեր են հայերը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ի մամուլի ասուլիսում, հայտարարել է կանադահայ գործարար Վազգեն Քալջյանը, որը 2004թ. այցելում է Արեւմտյան Հայաստան, կապեր հաստատում այնտեղ ապրող հայերի հետ, հայտնաբերում Թուրքիայում ծպտված հայերի եւ հնարավորություն ընձեռում ազգային ինքնությանը նրանց վերադառնալու համար:

«Ես միշտ էլ  ցանկացել եմ ծանոթանալ մեր պատմական հայրենիքին: Եվ ամեն անգամ, երբ ես Արեւմտյան Հայաստանում եմ լինում, այդ շահագրգռվածությունն ավելանում է», - նշել է Վազգեն Քալջյանը: Ի պատասխան ծպտված հայերի մասին հարցի՝ նա պատմել է, որ սկզբում, չիմանալով իր ծագման մասին, նրանք չեն վստահել իրեն, սակայն հետո աստիճանաբար եկել են եւ սկսել հիշել, պատմել իրենց հայ նախնիների մասին: 

Ըստ Քալջյանի՝ Թուրքիայի հայերին չպետք է մեղադրել, որ նրանք ծնվել եւ ապրում են մահմեդական միջավայրում: «3000 տարի առաջ մենք նույնպես հավատք չունեինք, սակայն մենք հայ էինք: Չի կարելի ասել, որ եթե մարդը մահմեդական է, ապա հայ չէ, քանի որ կրոնը յուրաքանչյուր մարդու ընտրությունն է››, - հայտնել է Վազգեն Քալջյանը: Նա ընդգծել է, որ իր գործունեության նպատակն է գտնել այն հայերին, որոնք շահագրգռված են հայկական մշակույթին եւ գաղափարախոսությանը ծանոթանալու հարցում: 

Ըստ Վազգեն Քալջյանի՝ Թուրքիայի արեւմտյան շրջաններում ապրում է 4 միլիոնից ավելի հայ, որոնք կարողացել են պահպանել իրենց գոյությունը՝ հավատքն ուրանալու շնորհիվ:

«Թուրքիայում ապրող թուրքերը եւ քրդերն այնքան էլ տեղյակ չեն հայերի մասին: Նրանք չգիտեն, թե որտեղ է Հայաստանը: Նրանց համար Հայաստանը Ռուսաստանի մաս է: Ես միշտ ասում եմ նրանց, որ հայերը լավ մարդիկ են, որ մենք խաղաղություն սիրող մարդիկ ենք», - նշել է կանադահայը, վստահեցնելով, որ թուրքերը եւ քրդերը բավականին հարգալից են վերաբերվում Թուրքիայում ապրող հայերին: