Մարսելի քաղաքապետի Երեւան այցով երկու քաղաքների միջեւ առկա փոխգործակցությունն ու գործընկերային կապերն էլ ավելի կամրապնդվեն ու կընդլայնեն համագործակցության շրջանակները: Այս մասին, այսօր՝ Ֆրանսիայի Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան - Կլոդ Գոդենի հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նշենք, որ նա Երեւանի քաղաքապետի հրավերով հոկտեմբերի 23-27-ին պաշտոնական այցով գտնվում է Երեւանում:

«Իսկապես ողջունելի է այն փաստը, որ Երեւանի եւ Մարսելի միջեւ հարաբերությունները տարեցտարի ավելի զարգանում ու ընդլայնվում են, ինչի վառ ապացույցը նաեւ այդ համագործակցության 21-ամյա պատմությունն է: Այսօր մենք կթարմացնենք երկու քաղաքների միջեւ առկա համագործակցության համաձայնագիրը, որով նոր թափ կհաղորդենք փոխշահավետ գործակցությանն ու նոր էջ կբացենք գործընկերային հարաբերությունների մեր տասնամյակների պատմության մեջ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը, մեկ անգամ եւս վստահեցնելով, որ Ժան-Կլոդ Գոդենն իսկապես սպասված եւ ցանկալի հյուր է Երեւանում:

Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան - Կլոդ Գոդենն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, առանձնակի կարեւորել է երկու քաղաքաների միջեւ համագործակցության ընդլայնմանն ուղված Երեւանի քաղաքապետի պատրաստակամությունն ու ջանքերը. «Մեր երկու քաղաքների ներուժն այսօր իսկապես շատ ավելին է, քան 21 տարի առաջ էր: Ստորագրվելիք նոր համաձայնագրով վստահ եմ, նոր թափ կհաղորդվի երկուստեք համագործակցությանն ու իրականացվելիք ծրագրերում կընդրկենք քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ»,- նշել է  Ժան - Կլոդ Գոդենը: