Բավրայի մաքսային կետի ղեկավար Արթուր Կարապետյանը Վրաստանի քաղաքացուց ապօրինաբար 2 միլիոն 200 հազար դրամ է պահանջել մեքենան հետ վերադարձնելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի քաղաքացի Սարգիս Բակիրյանը, ում մեքենան արդեն 22 օր է, ինչ Բավրայի անցակետում է:
«Ձեր հրապարակումից հետո գոնե կանչեին, մեքենան հետ տային, նման պահանջ ներկայացրեցին: Ես սպասում եմ, որ օրինական կարգով իմ մեքենան վերադարձնեն: Հակառակ դեպքում գնալու եմ եւ Վրաստանի դեսպանատնից փաստաբան խնդրեմ եւ հայց ներկայացնեմ Բավրայի անցակետի դեմ»,- ասաց Վրաստանի քաղաքացի Սարգիս Բակիրյանը:
Ավելի վաղ էլ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ շուրջ 20 օր է, ինչ 4 քաղաքացիներ, որոնցից մեկը Վրաստանի քաղաքացի է, գիշերում են Բավրայի անցակետում, քանի որ մաքսակետում նրանց մեքենան վերցրել են եւ ոչ մի պատասխան չեն տալիս: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Վրաստանի քաղաքացի Սարգիս Բակիրյանը: Նա պատմել էր, որ իր մեքենան վերանորոգելու նպատակով սեպտեմբերի 29-ին արդեն մուտք են արել Հայաստան եւ իր խնդրանքով մեքենան վարել է իր ընկեր Բաղդասար Խալաթյանը: «Ներս մտնելուց կարմիր լույս չի տվել, բայց դուրս գալիս` հոկտեմբերի 3-ին, կարմիր լույս տվեց: Ընկերս, ով իմ երաշխավորագրով վարում էր մեքենան, 2000-ին պետությանը մեքենայի մաքսազերծման գումար էր պարտք, բայց 2003թ-ից սնանկ ճանաչեցին եւ գույքի վրա արգելանք դրեցին: Հիմա ես խնդրել էի, որ իմ երաշխավորագրով իմ մեքենան վարի, բայց այսօր իմ մեքենայի վրա արգելանք են դնում: Մեքենան փաստացի իմ անունով է գրանցված ու ոչ մի հիմնավորում ու հստակ պատասխան չեն տալիս»,- դժգոհել էր Վրաստանի քաղաքացին, ով 20 օր է, ինչ 4 ընկերների հետ Բավրայի անցակետում է գիշերում:
NEWS.am-ը փորձել էր պարզաբանում լսել նաեւ Բավրայի մաքսատան բաժնի իրավաբան Կարեն Կարապետյանից, ով հրաժարվել էր պարզաբանել՝ առաջարկելով դիմել ՊԵԿ-ի լրատվական ծառայությանը: ՊԵԿ-ը պարզաբանում ուղարկեց, որտեղ ըստ էության ասվում էր այն, ինչ արդեն հրապարկել էինք: ՊԵԿ մամուլի ծառայության պարզաբանման մեջ ասվում էր. «Կայքի հոկտեմբերի 22-ի «Բավրայի անցակետում առանց հիմնավորման Վրաստանի քաղաքացու մեքենան վերցրել են եւ նա մոտ 20 օր է, գիշերում է փողոցում» վերտառությամբ հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ Բավրայի անցակետում ձեւակերպում չստացած ավտոմեքենան 29.09.2013թ. «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով հանրապետություն է ներմուծվել ՀՀ քաղաքացի Բաղդասար Խալաթյանի կողմից: Վերջինիս կողմից կատարվող մաքսային ձեւակերպումները կասեցվել են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության 30.09.2013թ. 01/02-5206/13 գրության հիման վրա: Տվյալ կասեցումը կիրառվել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից «Հայռուսգազարդ» ընկերության պահանջով` ընդդեմ քաղաքացի Բաղդասար Խալաթյանի դատարան ներկայացված հայցով»:




























