Պետական պաշտոններ զբաղեցող անձանց աշխատավարձերը բարձրացնելու մասին նախագիծը ներկայացնում է մի կառավարություն, որը վերջին տարիներին տապալել է երկրի տնտեսական քաղաքականությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ արտագաղթի, սոցիալ-տնտեսական նման ծանր պայմաններում ներկայացնել նախագիծ, որը միտված է բարձրաստիճան պաշտոնյաների մի խմբի աշխատավարձերի կտրուկ բարձրացմանը, բարոյական չէ։ «Այս օրինագիծը ներկայացվում է, երբ ունենք արտագաղթի մեծ ցուցանիշ, սոցիալապես անապահով մեծ շերտեր, սահմանամրեձ գյուղերում մարդիկ օրվա հացի գումար չունեն, այս պարագայում գնալ քաղաքական էլիտայի ներկայացուցիչների  աշխատավարձերի կտրուկ բարձրացմանը, սա ուղղակի անթույլատրելի է։ Տպավորություն է, թե իշխանական էլիտան ադեկվատությունը կորցրել է, չի տիրապետում, թե ինչ է կատարվում այս երկրում»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով իշխող կուսակցության ներկայացուցիչների պնդումներին, թե սա պետության իմիջի խնդիր է, Վահե Հովհաննիսյանը շեշտեց, որ պետության իմիջը պայմանավորում են  այն հարյուր, հազարավոր քաղաքացիները, որոնք Ռուսաստանի, եվրոպաների փողոցներում կիսասոված են, երկրի իմիջը ձեւավորում են մեր դատարկվող գյուղերը, այս պայմաններում գնալ նման բարձրացման, մեզ համար անընդունելի է, մենք ուղղակի չենք կարողանալու նայել այդ մարդկանց աչքերին։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ ԲՀԿ-ն դեմ է այդ նախագծին, եւ պետք չէ մանկական թեզեր դնել շրջանառության մեջ, թե մենք ոչ թե պետք է ձուկ տանք քաղաքացուն, այլ կարթ, որ ձուկը բռնի։ «Չկան աշխատատեղեր եւ այդ ֆոնին դու քաղաքացուն զրկում ես 18000 դրամից եւ բարձրացնում ես քաղաքական էլիտայի աշխատավարձը, մենք չենք կարող նայել մեր քաղաքացիների աչքերին, եւ դա պոպուլիզմ չէ։ Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը այս փուլում չպետք է բարձրանան, այդ գումարները ուղղեն ուսուցիչների, բժիշկների աշխատավարձերի բարձրացման։ Երբ չկա աշխատատեղ, ՀՀ քաղաքացին չունի աշխատելու հնարավորություն, սա արդեն բացահայտ պոպուլիզմ է եւ դեմագոգիա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։