Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի կարդացել Զարուհի Փոստանջյանի եւ Լեւոն Զուրաբյանի զրույցի սղագրությունները, բայց մասնակցել է խորհրդակցությանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գալուստ Սահակյանը։

«Բնականաբար Լեւոն Զուրաբյանը ստիպված եղավ պատասխանել: Մենք արդեն սովորել ենք, ռեակցիա էլ չենք տալիս արդեն, անիմաստ բան է, դժվար է գործ ունենալ վիրավոր եւ բութ հավատացյալի հետ։ Լեւոն Զուրաբյանի ջղերը չդիմացան, փորձեց կարգի հրավիրել, թերեւս փորձ չուներ, որ չի կարելի այդպես անել, դա կարգի հրավիրվող տեսակ չէ, խոսակցություններ եղան, որը արդարացված է Լեւոն Զուրաբյանի կողմից»,- ասաց նա։

Նշենք, որ ըստ «168 ժմ» թերթի տեղեկությունների, Զարուհի Փոստանջյանը խորհրդակցության ժամանակ, դիմելով Լեւոն Զուրաբյանին, ասել էր․«Այ Լյովիկ, էլի թռար: Ոնց որ Եվրախորհրդի նիստի ժամանակ հատուկ ուշ գրանցվեցիր, որ Սերժ Սարգսյանին հարց չտաս, հիմա էլ այստեղ ես թռնում, որ հանկարծ իշխանությունների հետ հարաբերություններդ չվատացնես»։ Իսկ երեկ լրատվամիջոցներում տարածվել էր այդ խոսակցության սղագրությունը։