Երեւանի քաղաքապետարանը պետք է ազատ քննարկման ընթացքում ապացուցի քաղաքային տրանսպորտի վերաբերյալ իր դրույթները։ Այս մասին հոկտեմբերի 25-ին լրագրողներին հայտնել է տնտեսագետ Դավիթ Գեւորգյանը՝ մեկնաբանելով տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը։
Նա հիշեցրել է, որ սեփական հանձնաժողովն է հիմնել, որում կարող են հանդես գալ բոլոր ցանկացողները։ «Երեւանի քաղաքապետարանի հանձնաժողովում 30 մարդ կա, որոնցից 23-ը՝ ՀՀԿ անդամ։ Մենք՝ ակտիվիստներս, 2-3 հոգի ենք։ Ո՞վ մեր ձայնը հաշվի կառնի», – ասել է Գեւորգյանը։
Նրա խոսքով՝ ներկայիս 100 դրամ սակագինը նորմալ է եւ հնարավորություն տալիս է ժամանակին նորացնել ավտոպարկը։ «Այս սակագնով կարելի է քիչ թե շատ նոր մեքենաներով երթեւեկել, այլ ոչ թե 15 տարվա «Գազելներով»», – հավելել է Գեւորգյանը։
Հիշեցնենք, Տրանսպորտային սակագնի քննարկման հաձնաժողովը Երեւանի քաղաքապետարանը ստեղծել է տրանսպորտի ուղեվարձը 100-ից 150 դրամ դարձնելու հուլիսյան անհաջող փորձից հետո։
Որոշման գործողությունը կասեցվել է՝ մինչեւ սեպտեմբերից աշխատանքն սկսած հանձնաժողովի եզրակացությունը։ Հանձնաժողովում ընդգրկված են տրանսպորտային ընկերություններ, ՀԿ-ներ եւ Պետկառույցներ։




























