Ճապոնիայի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Հոկտեմբերի 25-ին Երեւանի ժամանակով ժ. 21.10-ին ափից 300 կմ հեռավորության վրա 7.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել են թեթեւ ցնցումներ: 

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորությունում` Ճապոնիայի  Իսինոմակի քաղաքից 325 կմ արեւելք: Ավերածությունների մասին լուրեր չկան, հայտնում է lenta.ru-ն:

Երկրաշարժից մոտավորապես մեկ ժամ անց մինչեւ 30սմ բարձրությամբ ալիքներով ցունամի է սկսվել:  Մերձափնյա շրջանների բնակիչներին նախազգուշացրել էին ցունամիի առաջացման վտանգի մասին:

Տարհանում էր հայտարարվել նաեւ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի աշխատակիցների շրջանում: Երկրաշարժի հետեւանքով ատոմակայանում ոչ մի վնաս չի գրանցվել:

Ըստ «ՌԻԱ Նովոստիի»` հիմնական ցնցման ուժգնությունը եղել է 7.1 մագնիտուդ, երկրաշարժն զգալի է եղել նույնիսկ ռուսական Սախալինում:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ուժեղ երկրաշարժից հետո հաջորդել են մի շարք ցնցումներ: Առաջին ցնցման ուժգնությունը եղել է 6,8-7,1 մագնիտուդ: Ըստ մասնագետների` երկրորդ երկրաշարժի մագնիտուդը եղել է 5-ից ոչ ավելի:

Ստորերկրյա ցնցումները զգացվել են Ճապոնիայի 47 նահանգներից 27-ում, իսկ Տոկիոյում ցնցվել են կահույքը եւ պատերը: