Գրեթե անծանոթ մարդու համար իր երիկամը զոհաբերած կինը փոխպատվաստման հաջող վիրահատությունից երեք տարի անց ամուսնացել է նրա հետ։

Հարսանյաց արարողությունը կայացել է հոկտեմբերի 12-ին գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։

Հարսանիքը կայացել է Danville Conservation Club-ում, որտեղ նրանք ծանոթացել են։ Փեսացուի մորաքույրը պսակադրությունից առաջ իր ճառում ներկայացրել է զույգի սիրո պատմությունը։

2009թ.Չելսի Քլերն ընդհանուր ծանոթներից իմացել էր, որ Կայլ  Ֆլորիխին երիկամի փոխպատվաստում է հարկավոր եւ ընտանիքը դոնոր չի գտնում։ Չելսին ցանկություն էր հայտնել հանդիպելու Կայլի հետ, ինչից հետո հայտարարել էր, որ պատրաստ է տալ նրան իր երիկամը։

The Indianapolis Star-ի տվյալով՝ Չելսին հավանաբար այդպես էր վարվել, քանի որ իր հայրը ժամանակին ողնուղեղի դոնորի կարիք էր ունեցել եւ այդպես էլ չէր գտել։

Բուժզննումը ցույց է տվել, որ Չելսիի երիկամը միանգամայն համապատասխան է Կայլին։ Փոխպատվաստման մասին վերջնական որոշում է կայացվել։ Վիրահատությունն արվել է 2010թ., եւ երիտասարդները ապաքինումից հետո սկսել են հանդիպել։ Նորապսակները երկու երեխա ունեն. Չելսիի առաջին ամուսնությունից ծնված վեցամյա դուստրը եւ 2012թ. նոյեմբերին ծնված որդին։