Սիցիլիայում գտնվող իտալական Էթնա հրաբուխն այս գիշեր ակտիվացել է, հայտնում են իտալական լրատվամիջոցները։

Ժայթքումը տեղի է ունեցել հրաբխի նոր՝ հարավարեւելյան խառնարանում: Մոխրի ամպերը մինչ այժմ տեսանելի են Տաորմինա, Կատանիա եւ Սիրակուզա քաղաքներում, որտեղ սկսել են զբոսաշրջիկներ ժամանել: Կատանիայից հինգ կմ հարավ գտնվող Ֆոնտանարոսի օդանավակայանը շարունակում է բնականոն աշխատանքը, սակայն այնտեղ երկու թռիչքուղի են փակվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Երեկվանից երկրաշարժեր են գրանցվել նաեւ Էթնայի հյուսիսային ստորոտում՝ Կատանիայի Ռանդացո համայնքի եւ Մեսինա նահանգի համայնքների մերձակայքում:

Հրաբխային ակտիվությանը նախորդել էին փոքր ժայթքումներ եւ մոխրի արտանետումներ այն նույն խառնարանից, որում ժայթքումները սկսվել էին սեպտեմբերին: Վերջին անգամ Էթնայի հարավարեւելյան խառնարանը «արթնացել էր» ապրիլի 27-ին: