Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը նամակ է հղել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ղեկավար Դենիս Մաքդոնաֆին՝ քննադատելով Սպիտակ տան որոշումը չեղյալ համարել հայ որբերի գորգի ցուցադրությունն ու կոչ է արել փոխել որոշումը: Այդ մասին հայտնում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն:

Նշելով, որ այդ ցուցանմուշի ցուցադրությունը Սմիթսոնյան ինստիտուտում չեղյալ էր համարվել Սպիտակ տան անբացատրելի որոշմամբ՝ չտրամադրել գորգը, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանն ընդգծել է, որ սա յուրահատուկ աշխատանք է ու պետք է հասարակությանը հասանելի լինի: «Դա մեր ազգային շահերից է բխում ճանաչել ու հիշել անցյալը: Մենք պետք է ընդունենք ու դասեր քաղենք մարդկության դեմ ողբերգական հանցագործություններից, որոնք այդ գորգը գործած անմեղ երեխաներին որբ են դարձրել, որպեսզի դրանք երբեք չկրկնվեն: Ես կոչ եմ անում Սպիտակ տանը պահեստից դուրս բերել պատմության դժվարին կտորն ու ցուցադրել Սմիթսոնյան ինստիտուտում մշտական հիմունքներով»,- նշել է ամերիկացի կոնգրեսականը:

Ինչպես ավելի վաղ հայտնում էր NEWS.am-ը, ԱՄՆ Սպիտակ տանը պահվող գորգի ցուցադրությունը չեղյալ էր համարվել, հավանաբար, Թուրքիայի վատ արձագանքից խուսափելու համար: Այդ մասին ամերիկյան «The Washington Post» թերթում գրել էր քննադատ Ֆիլիպ Քեննիքոթը: Գորգը գործել էին 1920-ական թվականներին հայ որբ երեխանեւն, ու 1925թ.-ին այն պաշտոնապես ցուցադրվել էր Բեռլինում: Այն պատրաստվել է Հազիր քաղաքում, այժմյան Լիբանանում՝ ի նշան երախտագիտության ԱՄՆ-ի ցուցաբերած օգնության: