ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման տեղյակ էր, որ ամերիկյան հատուկ ծառայությունները երկար ժամանակ գաղտնալսել են ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսը ու չի պատրաստվել կանգնեցնել նրանց, գրում է Bild am Sonntag թերթը՝ վկայակոչելով հատուկ ծառայություններում առկա աղբյուրին: Իր հերթին Der Spiegel ամսագիրը, վկայակոչելով հրատարակչության տիրապետության տակ գտնվող գաղտնի փաստաթղթերը, գրում է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսը 2002թ.-ից, այսինքն նախքան կառավարության նախագահի պաշտոնին անցնելը:

Մերկելը կանցլեր է 2005թ.-ից: Գաղտնալսման բնույթի մասին ամսագիրը տեղեկություններ չունի: Der Spiegel-ը նշում է, որ ամերիկացիները չէին կարող ձայնագրել գերմանացի քաղաքական գործչի զրույցները, այլ կարող էին միայն հետեւել զրույցներին: Ամենայն հավանականությամբ, Մերկելի հեռախոսազանգերը գաղտնալսվել են 2013թ.-ի հունիսից՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի Գերմանիա կատարած այցից մի քանի շաբաթ առաջ, հաղորդում է Lenta.ru-ն:

Նախօրեին Spiegel ամսագիրը հաղորդում էր, որ Օբամայի ու Մերկելի միջեւ չորեքշաբթի կայացած հեռախոսազրույցի ժամանակ Օբաման հավատացրել է, որ տեղյակ չէր գաղտնալսման մասին, իսկ եթե տեղյակ լիներ, ապա անհապաղ կհրամայեր դադարեցնել վերահսկողությունը: