Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նոր նախագահի երդմնակալությունից հետո պատրաստվում է մի փոքր հանգստանալ: Այդ մասին Սահակաշվիլին հայտնել է լրագրողներին, որոնց Վրաստանաի նախագահի ընտրություններում քվեարկելուց հետո հրավիրել էր իր տուն:

Օրերս Սահակաշվիլին ընտանիքի հետ Թբիլիսիի մոտակայքում գտնվող առանձնատնից նոր բնակարան է տեղափոխվել, որի ծախսերը հոգում էր պետությունը: Նա լրագրողներին ցույց է տվել իր նոր բնակարանը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը:

Սահակաշվիլին հայտնել է, որ զբոսնել է Անակլիայի զբոսայգում(սեւծովյան հանգստավայր): «Ես պատրաստվում եմ այն շրջանին, երբ գոնե մի փոքր հանգստանալու,  ուժերս վերակնգնելու ժամանակ կունենամ: Ընդհանրապես, չեմ հոգնել, բայց հոգեպես ծանրաբեռնված եմ»,- հայտարարել է Սահակաշվիլին:

Հիշեցնենք, որ Վրաստանում հոկտեմբերի 27-ին նախագահական ընտրություններ են ընթանում: Պաշտոնապես գրանցված է նախագահի 23 թեկնածու, սակայն հիմնական թեկնածուներ են համարվում իշխող «Վրացական երազանք» կոալիցիան ներկայացնող Գեորգի Մարգելաշվիլին, «Միացյալ ազգային շարժումը» ներկայացնող Դավիթ Բակրաձեն (Սահակաշվիլու կուսակցությունը) եւ Նինո Բուրջանաձեն «Դեմոկրատական շարժում. Միացյալ Վրաստան» կուսակցությունից: