Թել-Ավիվից պլաստիկ վիրաբույժ Գեորգի Ֆելմանի հիվանդները հիմնականում կանայք են ու «կոկսինելներ»(տրանսգենդեր): «Ես բազում հնարավորություններ ունեմ, ու բավականին լավ, կոկսինելներին վերածել գեղեցիկ կանանց, երիտասարդ աղջիկների»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմել է բժիշկ Ֆելմանը, որը պլաստիկ վիրաբույժների միջազգային չորրորդ կոնգրեսի շրջանակներում գտնվում էր Երեւանում: Կոնգրեսը, որը հավաքել էր աշխարհի հայտնի մասնագետներին, անց է կացվել Մատենադարանի նոր մասնաշենքում հոկտեմբերի 24-26-ը:

Սակայն Ֆելմանը սեռի փոփոխության վիրահատություններ չի անում. «Դրան Իսրայելում խեթ են նայում, իսկ ահա մնացածը… Ես վիրահատում եմ նրանց դեմքը, կուրծքն ու հետույքը»:

Իսրայելցի բժիշկը մասնագիտանում է մարդու մարմնի ու դեմքի կատարելագործման մեջ: Նա Կոնգրեսին է ներկայացրել զեկույց «Լիպոպլաստիկայի միջոցով դեմքի բյութիֆիկացում» թեմայով, ինչպես նաեւ պատմել է ֆեյսլիֆթինգի(դեմքի ձգում) ու լիպոսակիցայի իր մեթոդների մասին իր իսկ կողմից հայտնագործված «հազարամյակների կանուլի» միջոցով: Բյութիֆիկացում (beautification) տերմինը աստիճանաբար մուտք է գործում էսթետիկ վիրաբուժության բառապաշար: Դրա բացատրություններից մեկը «արտաքինը կատարյալ տեսքի բերելն» է:

«Beautification-ն՝ դա ուղղակի մի բան է, որպեսզի դեմքը լինի գեղեցիկ, ահա եւ վերջ, ու դրա համար մենք նոր մեթոդ ենք կիրառում՝ ռետրոգրադ «submuscular temporal lifting»: Ահա եթե մենք ձեր դեմքի վրա աշխատենք… Չեմ կարծում կգտնվի մի կին, ով կասի. «Օ, այո, լավ է»…Սակայն մեթոդը, որ հայտնագործել եմ, հնարավորություն է տալիս մեկ թելով ամեն կողմից ձգել դեմքը: Ոչ միայն մաշկը, այլ նաեւ կախված հատվածները, ձգել վիզը ու մնացածը: Դա պրոգրեսիվ մեթոդ է, որն անվնաս է»,- պատմել է բժիշկը:

«Մենք աշխատում ենք ծրագրով՝ առավելագույնը հիվանդի համար»,- նշել է Գեորգի Ֆելմանը՝ հավելելով, որ վերջին ժամանակներում իր հիվանդանոցում վիրահատությունների թիվը նվազել է, քանի որ «ցավոք, ինքն այլեւս երիտասարդ տղա չէ»: Բժիշկը նաեւ դժգոհեց կոնգրեսի կազմակերպումից, քանի որ իրեն հատկացված ժամանակն չէր բավարարել  երեք զեկույցի համար. «Ես չհասցրեցի անգամ մեկ երրորդ մասը ներկայացնել»: Հետո անմիջապես ուղղեց. «Մասնակիցները շատ էին, ուստի հնարավոր չէր յուրաքանչյուրին գոնե 15 րոպե տրամադրել: Ես դա հասկանում եմ, ուստի ոչ մի բողոք չունեմ»: Նա «լավատեսություն հայտնեց», որ մյուս անգամ ամեն բան այլ կերպ կլինի:

Կոկսինելն իրականում գոյություն է ունեցել։ Նա դերասանուհի էր, երգչուհի, ով ծնվել էր 1931թ.-ին Փարիզում Ժակ Շառլ Դեֆրենուա անվամբ ու դեռ 1958թ.-ին վիրահատական միջամտությամբ փոխել էր սեռը: 60-ական թվականներին նա փայլում էր բեմում, ձայնապնակներ ձայնագրում ու նկարահանվում ֆիլմերում: Իսկ Իսրայելում «կոկսինել» բառը շրջանառվեց, քանի որ անցյալ դարի 60-ական թթ.-ին Կոկսինելն այցելեց Թել-Ավիվ ու գերեց տեղի հանդիսատեսին: Իսկ ընդհանրապես «կոկսինել» ֆրանսերեն նշանակում է զատիկ: