Սաուդյան Արաբիայում հոկտեմբերի 26-ին բողոքի ավտոմարաթոնին մասնակցած 16 կին վարորդների տուգանել են:  Պաշտոնական պատճառը «օրենքը ծաղրելն է»:  Բացի դրանից` նրանք զրկվել են մեքենա վարելու իրավունքից, հայտնում է BBC-ն:

Ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչ գնդապետ Ֆավազ Միմանը հայտնել է, որ կանանցից յուրաքանչյուրը վճարել է 80 դոլար տուգանք: Բացի դրանից, կին վարորդները ստորագրել են  «վարելուց հրաժարվելու փաստաթուղթ», իսկ նրանց տղամարդ բարեկամները պարտավորվել են չվերադարձնել մեքենայի բանալիները, հայտնում է NEWSru.com-ը:

Սաուդյան Արաբիան աշխարհի միակ պետությունն է, որտեղ կանանց արգելված է մեքենա վարել: Մի քանի տասնյակ արաբ կանայք հոկտեմբերի 26-ին մեքենաներով դուրս էին եկել մայրաքաղաքի փողոցներ` այդպիսով արտահայտելով իրենց բողոքը:

Ըստ որոշ տվյալների` ավտոմարաթոնի մասնակիցների քանակը կտրուկ կրճատվել էր  սպառնալիքներով հեռախոսազանգեր ստանալուց հետո: Այսպես, հայտնի ակտիվիստուհի, համալսարանի դասախոս Ազիզա ալ Յուսեֆը որոշել էր չմասնակցել, քանի որ իրեն զանգահարել էին իշխանության ներկայացուցիչները:

Տվյալ բողոքի ակցիան երրորդ ֆեմինիստական ավտոմարաթոնն է 1990թ.-ից ի վեր: Այն ժամանակ ղեկին նստել համարձակված կանայք կամ ձերբակալվել էին, կամ էլ հեռացվել աշխատանքից: