Հայաստանի ճանապարհային ոստիկանության տեսուչն ավելի բարձր աշխատավարձ է ստանում, քան քրեական ոստիկանության օպերլիազորը: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ՀՀ Ազգային Ժողովում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը՝ բյուջետային քննարկումների ընթացքում անդրադառնալով ոստիկանական համակարգի ներսում առկա աշխատավարձային անհամամասնություններին:
Մինչ այդ պատգամավոր Թեւան Պողոսյանը («Ժառանգություն») նշեց, որ մարզերում համայնքային ոստիկանները զանգվածաբար լքում են աշխատանքը՝ ցածր վարձատրության պատճառով, եւ ձգտում տեղափոխվել ավելի բարձր վարձատրվող ստորաբաժանումներ: Սակայն Ա. Օսիկյանը պատասխանեց, թե ներկայում համայնքային ոստիկանությունից արտահոսքը հասել է նվազագույն մակարդակի, ու ամեն ինչ անում են՝ աշխատավարձային անհամամասնությունները վերացնելու համար:





























