Գեորգի Մարգվելաշվիլին, որը նախնական տվյալներով, հաղթում է Վրաստանում երեկ կայացած նախագահական ընտրությունների արդյունքում, հայտարարել է, որ չի պատրաստվում աշխատել Թբիլիսիի Հավլաբար թաղամասի նստավայրում: Նա նաեւ հավաստիացրել է, որ իր երդմնակալությունը, որը տեղի կունենա նոյեմբերի 17-ին՝ ճոռոմ չի լինի:
Նա հաղորդել է, որ իր աշխատասենյակը լինելու է կառավարության քարտուղարությունում, որտեղ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին արդեն զիջել է նրան իր սենյակը:
Մարգվելաշվիլին խոսել է նաեւ արտաքին քաղաքականության մասին: «Մենք ճիշտ ուղղություն ենք ընտրել Ռուսաստանի հետ հարաբերություններում, չնայած դիվանագիտական մակարդակում առկա տարաձայնություններին»,-հայտարարել է Մարգվելաշվիլին: Նա նաեւ հավելել է, որ Վրաստանը չի ճանաչելու Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը, սակայն ագրեսիա չի լինելու, ամեն ինչ հիմնվելու է կառուցողականության սկզբունքի վրա:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Վրաստանում կայացել են հոկտեմբերի 27-ին: ԿԸՀ նախնական տվյալներով՝ ամենից շատ ձայներ հավաքած թեկնածում Մարգվելաշիլին է՝ 62,12 տոկոս:





























