Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել «Երիտասարդների ներուժը» խորագրով ամերիկյան վավերագրական ֆիլմերի կինոփառատոնի բացման արարողությանը: Փառատոնը մեկնարկել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասի դպրոցներից մեկի շախմատի երիտասարդական թիմի մասին պատմող «Բրուքլինյան ամրոց» ֆիլմի պրեմիերայով, որը ցույց է տալիս, թե ինչպես է շախմատի նկատմամբ սերն օգնում երեխաներին հաղթահարել բոլոր դժվարությունները եւ ամրապնդում սեփական ուժերի նկատմամբ վստահությունը՝ այն մտայնությամբ, որ եթե նրանք կարող են տիրապետել աշխարհի այս ամենադժվար խաղին, ապա կյանքում կարող են հասնել ավելիին:
Միջոցառումը համատեղ կազմակերպել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը եւ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը:
Մինչ ֆիլմի ցուցադրումը Հանրապետության Նախագահը «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում դիտել է բեմի վրա ընթացող շախմատի մրցաշարի ավարտական մասը: Միաժամանակյա խաղին երեխաների հետ մասնակցել են Հայաստանի շախմատի ազգային հավաքականի անդամներ:
Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաեւ «Իմ ոգեշնչման աղբյուրն իմ ուսուցիչն է» թեմայով շարադրության մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությունը:

































