Ադրբեջանում ամբողջ թափով քարոզչություն է սկսվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դեմ: Դժգոհության հերթական դրսեւորումը Միլլի մեջլիսի խոսնակ Օգտայ Ասադովի հայտարարությունն էր:

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ճնշման ինչ-որ մեխանիզմ է, եւ երկրների մեծամասնությունը այդ կառույցին որպես դիտորդ չի հրավիրում», - Ասադովի խոսքերն է մեջբերում ԱՊԱ-ն:

Նա նշել է, որ Ադրբեջանը նաեւ կքննարկի ապագայում այդ  կառույցին ընտրություններին չհրավիրելու հարցը. «Մենք այդ կառույցի կարիքը չենք զգում»:

Օ. Ասադովը հայտարարել է, որ նախագահական ընտրությունները արդեն անցյալում են, եւ ժողովուրդն իր խոսքն ասել է, արտահայտել է իր դիրքորոշումը. «Դա արբեջանցի ժողովրդի հաղթանակն էր»:

Խոսնակը նաեւ հավելել է, որ Եվրախորհրդարանը չէր ցանկանում Ադրբեջան պատվիրակություն ուղարկել. «Բայց հետո նրանք այնուամենայնիվ պատգամավորներ ուղարկեցին, որոնք արտահայտեցին իրենց ամուր դիրքորոշումը:

Սակայն Եվրախորհրդարանը, մի կողմ թողնելով  իր պատգամավորների եզրակացությունը, այլ եզրակացություն հնչեցրեց: Նրանց նպատակը Ադրբեջանն իրենց ազդեցության տակ պահելն է, եւ հանուն դրա նրանք մտադիր են օգտագործել իրենց լծակները»: