Ռուսական  «Գազպրոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլլերը Ուկրաինային կոչ է արել վճարել  գազի մատակարարման դիմաց կուտակված 882 մլն դոլարի ժամկետանց պարտքը: Այս մասին նա հայտնել է լրագրողներին՝ նշելով, որ կոնցեռնին «խիստ անհանգստացնում է ռուսական գազի դիմաց Ուկրաինայի կողմից վճարումների շուրջ ստեղծված իրավիճակը»:

Ա. Միլլերի խոսքով՝  ««Գազպրոմ»-ը վերջերս բազմիցս ընդառաջ է գնացել ուկրաինացի գործընկերներին վերջիններիս կողմից պայմանագրային պայմանների կատարման հարցում»:

«Վիճակը չափազանց լուրջ է՝ հաշվի առնելով այն, որ վճարման պայմանները խախտելու դեպքում պայմանագրով նախատեսվում է անցում կանխավճարային համակարգի: Այս հարցն անհապաղ լուծում է պահանջում», - հայտարարել է Միլլերը:

«Գազպրոմ»-ը գազի դիմաց վճարումների կարգուկանոնը խստացնելու համար  առաջարկել է Ուկրաինայի համար կանխավճարային համակարգ սահմանել, առաջարկին հավանություն է տվել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, հայտնում է  rbc-ն:

«Հաշվի առնելով, որ կանխավճարային համակարգի անցումը բխում է պայմանագրից, դա միանգամայն հնարավոր տարբերակ է: Այլ հարց է, որ այն կբարդացնի իրավիճակը: Առաջիկայում հարկավոր է սպասել  ուկրաինացի գործընկերների արձագանքին եւ ըստ այդմ քայլեր ձեռնարկել: Եթե արձագանք չլինի, ստիպված կլինենք անցնել կանխավճարի», - ասել է վարչապետը Միլլերին:

Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ «Գազպրոմ»-ի մտադրությունը ԵՄ-ի եւ Ուկրաինայի միջեւ Ասոցացման մասին ստորագրվելիք համաձայնագրի  հետ առնչություն չունի:

Այսօր էլ ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը հայտարարել է, որ ԵՄ-ի եւ Ուկրաինայի միջեւ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կբացառի ՌԴ-ի  մասնակցությամբ Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի կառավարման կոնսորցիումի ստեղծման հնարավորությունը: