«Մահմեդական եղբայրներ» շարժման վեց պարագլուխների դատը վարող դատավորները  հոկտեմբերի 29-ին ինքնաբացարկ են ներկայացրել: Կահիրեի քրեական դատարանի կոլեգիան նման որոշում է կայացրել  երկրորդ լսումներն սկսելուց անմիջապես հետո: Նրանք դա բացատրել են նրանով, որ «ամաչում են»:

Առաջին նիստը կայացել էր օգոստոսի 25-ին: Մասնավորապես, դատարանը պետք է քններ մայրաքաղաքի Մուքաթամ  թաղամասում  հունիսի 30-ին իսլամիստների գրասենյակի մոտ բախումների գործը:

Ամբաստանյալների մեջ են «եղբայրների» հոգեւոր առաջնորդ Մուհամեդ  Բադիան, կազմակերպության երկրորդ մարդ Հեյրաթ աշ Շաթերը,  Ռաշադ Բայումին եւ  բարձրագույն ղեկավարության եւս երեք ներկայացուցիչներ: Նրանց վերագրում են կանխամտածված սպանություն, մահափորձ, զենքի եւ պայթուցիկ նյութերի  ապօրինի պահպանում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հուլիսի լույս 1-ի գիշերը Կահիրեի Մուքաթամ  թաղամասում   գտնվող իսլամիստների գլխավոր գրասենյակի մոտ հրաձգային զենքի կիրառմամբ իսկական մարտ էր ծավալվել: Մուրսիի հակառակորդները հարձակվել էին շենքի վրա, այն հսկող իսլամիստները կրակել էին ցուցարարների վրա: Փոխհրաձգության հետեւանքով զոհվել էր 10 մարդ, 70-ը վիրավորվել էին: Փորձաքննությունը ցույց է տվել, որ շատերը սպանվել էին գլխի կրակոցներից: 

Հաջորդ օրը գրասենյակն ամբողջությամբ ավերվել եւ այրվել էր: