Պակիստանի դատարանը երկու տղամարդու կալանման հրահանգ է տվել, որոնք աշակերտուհու խմբակային բռնաբարությունից հետո, նրան ողջ-ողջ թաղել էին:  Սակայն աղջիկն ուշքի էր եկել եւ կարողացել էր դուրս գալ գերեզմանից: 

Փենջաբ նահանգի ոստիկանությունը սկզբում չէր ցանկանում քննություն անցկացնել այս փաստի առնչությամբ, եւ այդ ժամանակ միջամտել է դատարանը:

13-ամյա աղջնակի հայրը՝ Սիդիկ Մուգալը, պատմել է, որ աղջկա վրա հարձակվել են դպրոցի ճանապարհին, որտեղ աղջիկը Ղուրան էր ուսումնասիրում: Դա տեղի էր ունեցել Թոբա-Թեք-Սինգհ թաղամասում՝ Լահորի հարեւանությամբ, գրում է NEWSru.com –ը՝ վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցները:

Երկու տղամարդ աղջկան բռնի տարել էին անմարդաբնակ մի վայր եւ բռնաբարել նրան: Բռնաբարության ընթացքում աղջիկը կորցրել էր գիտակցությունը: Հանցագործները որոշել էին, որ նա մահացել է, եւ մարմինը թաղել էին ճամփեզրին: Սակայն որոշ ժամանակ անց աղջիկն ուշքի էր եկել եւ ուժ գտել գերեզմանից դուրս գալու:

Աղջկա օգնության ճիչերը լսել է մի անցորդ, որն էլ տեղափոխել է նրան հիվանդանոց:

Քանի որ ոստիկանությունը չի ցանկացել փնտրել բռնաբարողներին, իրավիճակին միջամտել է  Լահորի դատարանի բողոքարկման ծառայության ղեկավարը: Արդյունքում վճռվել է կալանավորել կասկածյալներին: