Որպես պետության նախագահ՝ Գեորգի Մարգվելաշվիլին իր առաջին պաշտոնական այցով կմեկնի Լիտվա՝ «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին մասնակցելու: Այս մասին հոկտեմբերի 29-ին հայտարարել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Դավիթ Զալքալիանին: 

Ըստ նրա՝ Մարգվելաշվիլին «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում  կգլխավորի վրացական  պատվիրակությունը, որը տեղի կունենա Վիլնյուսում՝ նոյեմբերի 28-29-ին:

«Վրացական պատվիրակության կազմում կլինի նաեւ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն», - ասել է Զալքալիանին:

Հիշեցնենք, որ  Վիլնյուսի գագաթաժողովի ընթացքում սպասվում է ԵՄ-ի եւՎրաստանի միջեւ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 27-ին, նախագահի երդմնակալությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին: Ըստ Վրաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալների՝ Մարգվելաշվիլին հավաքել է 62,11% ձայն: