Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի բոլոր փողոցներում իրականացվում է վթարված եւ չգործող լուսացույցների ու ճանապարհային նշանների գույքագրում՝ համապատասխան կազմակերպությունների կողմից դրանք  վերականգնելու եւ նորերով փոխարինելու նպատակով:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե 2013 թվականի հունվարից լուսացուցային տնտեսության արդիականցման աշխատանքների շրջանակում ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության կողմից համակարգվող «Լուսանշան» ՊՈԱԿ-ը լուսադիոդային ժամանակակից նոր լուսացուցային օբյեկտներով է վերազինել մայրաքաղաքի թվով 10 խաչմերուկ։ Մասնակի վերականգնման աշխատանքներ են կատարվել 12 խաչմերուկում, որտեղ տեղադրված լուսացույցները կոտրվել եւ վթարվել էին այս կամ այն պատճառով: 10 նոր լուսացուցային օբյեկտներով են կահավորվել նաեւ որոշ ճանապարհահատվածներ եւ խաչմերուկներ, որոնցում մինչ այդ լուսացուցային կարգավորում կիրառված չի եղել։

Զուգահեռ իրականացվում են նաեւ ճանապարհային նշանների վերականգնման, նորերով կահավորման եւ փողոցների գծանշման աշխատանքները:

Ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում մայրաքաղաքում տեղադրվել է ընդհանուր առմամբ 1559 նոր ճանապարհային նշան, որից միայն 40-ը՝ նախորդ շաբաթվա ընթացքում:

Գծանշման աշխատանքների շրջանակում  կատարվել է ավելի քան 1 միլիոն 700 հազար գծամետր գծանշում։ Ի դեպ, նշենք, որ քաղաքապետի հանձնարարությամբ հատուկ ուշադրություն է դարձվում ինչպես հիմնանորոգվող փողոցների սեղմ ժամկետում գծանշմանը, այնպես էլ երկրորդական եւ երրորդական փողոցներում, կրթական եւ առողջապահական հաստատությունների հարակից տարածքներում համապատասխան աշխատանքների իրականացմանը: