Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի, աղմկահարույց սպանության ենթադրյալ մասնակիցների են ձերբակալել Հռոմի մերձակայքում: Դեռեւս հուլիսին հաղորդվել էր, որ Դեդ Հասանի սպանության հետքերը տանում են դեպի Իտալիա:

Տեղեկությունը, թե Հռոմի ծայրամասում Ասլան Ուսոյանի սպանության մեջ կասկածվող քրեական հեղինակություններ են ձերբակալվել, մամուլում հայտնվել է միայն այժմ, թեեւ իտալական կարաբինավորները դեռ նախորդ շաբաթվա վերջին «ռուսական մաֆիայի» յոթ ներկայացուցչի ձերբակալման հատուկ գործողություն էին իրականացրել: 

«Ռոսբալտը» հայտնում է, որ իտալական ոստիկանությունը գործել է բելգիացի գործընկերների հայցով, որոնք յոթին էլ մեղադրում են Բելգիայի տարածքում մեկ այլ «օրենքով գողի»՝ Դավիթ Օզմանովի դեմ մահափորձ կատարելու մեջ: 

Յոթ ձերբակալվածներից երեքը՝ Գեորգի Գուրչիանի, Իրակլի Պիպիա եւ Ռոին Ուգլավա,  կարող են հանցակից լինել Դեդ Հասանի սպանությանը: Նրանք իբրեւ թե  մասնակցել են Իտալիայի տարածքում Դեդ Հասանի հակառակորդների հավաքին՝ Տարիել Օնիանիի գլխավորությամբ:

Ճիշտ է, վերջինս բանակցություններին մասնակցել է միայն հեռախոսով, քանի որ այժմ ճաղերի հետեւում է: Այն ժամանակ հեղինակությունն իբր ասել էր. «Վերացրեք նրան, եւ բոլոր խնդիրները կլուծվեն»: Դա եղել էր 2012թ. սեպտեմբերին, իսկ արդեն 2013թ. հունվարին Դեդ Հասանն սպանվել էր Մոսկվայում:

Ավելի ուշ իտալական իրավապահների ձեռքում հայտնվել էր եւս մեկ հեռախոսազրույց՝ Օնիանիի եւ Մերաբ Սուխումսկիի միջեւ, որը կայացել էր Դեդ Հասանի մահից անմիջապես հետո, եւ դրանում քրեական «գեներալները», երեւում է, հրճվում էին կատարվածի կապակցությամբ: Ահա մեջբերում այդ զրույցից. «Սա բոլորիս համար ծննդյան օր է: Մենք 100 քայլ առաջ գնացինք»:

Հիշեցնենք, Մոսկվայում բոլորովին վերջերս՝ 2013թ. սեպտեմբերին, մայրաքաղաքում ձերբակալվել էր ոմն Ուլֆատ Տագիեւը: Ենթադրվում է, որ նա Ասլան Ուսոյանի հետ  հակամարտության մեջ գտնվող կազմակերպված հանցախմբի քիլլեր էր: Վարկածներից մեկ համաձայն՝ հենց Տագիեւը կարող էր Դեդ Հասանի սպանության իրագործողը լինել: Մեկ այլ վարկածով՝ նա պարզապես դիտարկում էր կատարում եւ քիլլերին օգնել էր թաքնվել դեպքի վայրից:

Սակայն Դեդ Հասանի սպանության կազմակերպման մեղադրանք առայժմ ոչ ոքի չի առաջադրվել: