Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը հայ զինծառայողն է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ռազմական փորձագետ Հրաչ Պետրոսյանցը:
Նա նշել է, որ զինծառայողը պայմանական հասկացություն է և Հայաստանի անվտանգության հարցը պետք է լուծի հայ հասարակությունը: «Մեր գործընկերներն ընդամենը օգնում են մեզ ապահովել անվտանգությունը»,-կարծիք է հայտնել ռազմական փորձագետը:
Անդրադառնալով Բերդ-Իջևան մայրուղու վրա տեղի ունեցած միջադեպին՝ Հրաչ Պետրոսյանցը ընդգծել է, որ ռազմաճակատում կան դիրքեր, որտեղ գերիշխում է ադրբեջանական կողմը և այդ հարցը միանգամից լուծել հնարավոր չէ: «Կա նաև մեկ այլ կողմ. նախքան մարտական դիրքերը գրավելը և մեզ համար անվտանգ գոտի ստեղծելը պետք է մտածել, թե ինչ հետևանքների դա կարող է հանգեցնել»,-մտահոգություն է հայտնել ռազմական փորձագետը:
Պատասխանելով ԵԱՀԿ ոչ այնքան ադեկվատ արձագանքի մասին հարցին՝ Հրաչ Պետրոսյանցը ընդգծել է, որ միջազգային հանրությունը նման հարցերում կիրառում է կրկնակի ստանդարտներ: «Կախված իրենց շահերից՝ նման գործողությունները կամ համարվում են ռազմական հանցագործություն, կամ ոչ: Տվյալ պարագայում, երբ մեղավորը ադրբեջանական կողմն է, նրանք լղոզված հայտարարություններ են անում՝ ուղղված բոլոր կողմերին»,-նկատել է փորձագետը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Բերդ-Իջեւան ճանապարհը: Միջադեպը տեղի է ունեցել Տավուշի մարզի Պառավաքար գյուղի մոտ, ժամը 13-14-ի սահմաններում: Կրակոցներից հետեւանքով զոհվել է շարքային Գարիկ Պողոսյանը, եւս երեք զինվորներ վիրավորվել են:





























