«Ալ Քաիդան իսլամական Մագրիբի երկրներում» խմբավորման մոտ երեք տարի պատանդ մնացած ֆրանսիացիներն ազատվել են: Այս մասին հոկտեմբերի 29-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` Սլովակիա իր այցի ընթացքում:

Ըստ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանի`  ազատման պահին պատանդները Մալիում են եղել: Գործողությունը տեղի է ունեցել առանց ահաբեկիչների նկատմամբ ուժ կիրառելու եւ առանց փրկագին վճարելու, հայտնել է Լե Դրիանը: Հոկտեմբերի 29-ին նախկին պատանդները ժամանել էին Նիգերի մայրաքաղաք Նիամեյ, որտեղ նրանց դիմավորել էին Նիգերի նախագահը, Լե Դրիանը, ինչպես նաեւ  Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը: Պատանդների վիճակը գնահատվում է  «լավ»: Նրանք հայրենիք կվերադառնան հոկտեմբերի 30-ին, հայտնում է lenta.ru-ն:

Ֆրանսիայի քաղաքացիներ Պիեր Լեգրանը, Դանիել Լարիբը, Թիերի Դոլը եւ Մարկ Ֆերը, որոնք աշխատում էին Նիգերի Արլիթ քաղաքում, առեւանգվել էին 2010թ. սեպտեմբերին`«Ալ Քաիդան իսլամական Մագրիբի երկրներում» խմբավորման կողմից: Ահաբեկիչները 90 միլիոն եվրո փրկագին էին պահանջել:  2013թ. սեպտեմբերին «Ալ Ալ Քաիդան իսլամական Մագրիբի երկրներում» խմբավորումը տեսագրություն էր հրապարակել, որտեղ ցուցադրվել էին յոթ պատանդներ, այդ թվում նաեւ` չորս ֆրանսիացիները:  Մյուս պատանդների` շվեդի, հոլանդացու եւ հարավաֆրիկացու ճակատագիրը դեռեւս հայտնի չէ: